«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, որը նախկինի նման արտոնյալ է, և նրանից իրեր չեն առգրավում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արդարադատության նախարարը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերված խախտումների մասին ԱԱԾ հրապարակած տեսանյութի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Արտակ Զեյնալյանը խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց քրեական գործերի մասին, անդրադարձել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Խաչիկ Հարությունյանի նոր նշանակմանը: «Պաշտոնից ազատման հիմքերը կամայական լինել չեն կարող: Դրանք սահմանված են օրենքով, ծառայությունից ազատման հիմքերը ևս սահմանված են օրենքով: Անձը դիմում է գրել, որը բավարարվել է: Նա հեռացել է այդ պաշտոնից և նշանակվել է շատ ավելի ցածր պաշտոնի»,- ասել է Զեյնալյանը: