Դեպի Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող ընկերություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարսում քանդվել է Եղիշե Չարենցի տունը: Տուրիստական ընկերության հիմնադիրը նշել է, որ հստակ չգիտեն թե քանդված շինությունը Չարենցի տունն է, թե ոչ, բայց այն համարվել է հայ մեծանուն բանաստեղծի տունը, և ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելել են այնտեղ, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին և կիսավեր շինությունում Չարենց արտասանել։ Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ քանդված շինությունը Չարենցի տունը չէ: Որպես հիմնավորում՝ չարենցագետը բերում է բանաստեղծի ստեղծագործություններում առկա տան նկարագրության ու դիրքի մասին հիշատակումները: