Հանուն համազգային նպատակների ու հայրենիքի հզորացման նախագահական նստավայրում, վարչապետից մինչև նախարարներ, երդվել են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը: Երդմնակալության արարողությունից հետո նրանք պատասխանել են լրագրողների հարցերին: Ֆինանսների նախարարը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե մի քանի միլիոն պարգևավճար ստացած աշխատակիցների մի մասն իր ազգականներն են: Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ եկող տարվա համար պարգևավճարների ֆոնդն արդեն կրճատվել է: Վարչապետը նաև խոսել է իր կառավարության իրականացրած փոփոխությունների, Ալիևի հետ հանդիպման ու Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին: Անդրադառնալով հարցին, թե վերջերս սկսել է շրջանառվել «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, վարչապետն ընդգծել է՝ «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: