Կենդանասերները բողոքում են ընտանի կենդանիներ պահելու համար տարեկան 5000 դրամ տուրք վճարելու օրենքի դեմ: Քաղաքապետարանի դիմաց նրանք բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերացնել անհիմն գանձվող տուրքը և հստակեցնել, թե օրենքը մասնավորապես որ կենդանիներին է վերաբերում: Ընտանի կենդանիներ պահող բազմաթիվ քաղաքացիներ տուրքը վճարելու մասին արդեն ծանուցումներ են ստացել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրել է, որ տուրքերը դեռ չեն գանձվում, և հարցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ տուրքը ավագանու կողմից չի կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից: