Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է պատերազմում զոհված Արամ Խաչատրյանի անունով: Դպրոցի շրջանավարտը բանակ էր զորակոչվել 2020 թ. հունվարի 8-ին: Պատերազմից առաջ Արամը ստեղծագործել է նաև բանակում: Նրա երգն ու նվագը վերջնականապես լռեցին հոկտեմբերի 15-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: Երաժշտական դպրոցի սաները քաջ հայորդու հիշատակին նվիրված հուշ-երեկո են կազմակերպել:
Ուղիղ 60 տարի է՝ մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի համաշխարհային օր: Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարած թատերական կյանքը Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ վերականգնվել է: Գրեթե բոլոր թատրոններում ստեղծագործական կյանքը եռում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանը զուգահեռ: Թատրոնի օրը կուլիսներով ու արվեստանոցներով շրջել և բեմի հետևում աշխատող մասնագետների հետ է զրուցել մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանը:
Մի քանի տասնյակ զոհված զինվորների ծնողներ ստորագրահավաք են արել ու դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Պահանջում են ներկայացնել պատերազմի ընթացքում հանգանակած գումարի ծախսը: Ծնողներին մտահոգում է, որ սաղավարտի, քնապարկի, զրահաբաճկոնի և այլ իրերի խնդիր եղել է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև առկա է այսօր: Մարտական գործողությունների ընթացքում հավաքվել էր մոտ 170 միլիոն դոլար, որից ավելի քան 98 միլիոնը, ինչպես հետո պարզվեց, նվիրաբերվել էր կառավարությանը: Ինչո՞ւ և ինչպե՞ս՝ փորձել է պարզել Աիդա Կարապետյանը:
Չնայած գարնան առաջին ամիսը մոտենում է ավարտին՝ ցուրտը ոչ մի կերպ չի նահանջում: Տեղումնառատ եղանակը խնդիրներ է առաջացրել ոչ միայն վարորդների համար, այլև խախտել է գյուղացիների ծրագրերը: Մարդիկ ստիպված են հետաձգել ցանքն ու փոփոխել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակացույցը: Ավելացել են նաև սոցիալական խնդիրները:
Տնտեսության երկնիշ ա՞ճ, թե՞ անկում: Էկոնոմիկայի նախարարի՝ 10 տոկոսանոց աճի մասին հայտարարությունը հակասական մեկնաբանությունների առիթ է դարձել: Մինչ Վահան Քերոբյանը խոսում է տնտեսության «համարյա վերականգնվելու» մասին, տնտեսագետները հոռետեսական կանխատեսումներ են անում: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախարարը հանդես է եկել մերկապարանոց հայտարարությամբ, որը կապ չունի Հայաստանի տնտեսության հետ:
«Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ չի կարճվի»: Այս մասին «Էպիկենտրոն»-ին ասել է երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը: ՍԴ-ի որոշմամբ՝ կարող է կարճվել միայն 300.1 հոդվածով հարուցված քրեական գործը, իսկ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա առկա նյութերով դատավարությունը կշարունակվի: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշել է, որ հակասահմանադրական ճանաչված ոչ բոլոր հոդվածների պարագայում է գործը կարճվում: Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ն դեռ կարող է փոփոխել վիճահարույց հոդվածն ու այն համապատասխանեցնել Մայր օրենքին:
Երևանում վերջին օրերին հուշարձանագողության մի քանի դեպք է գրանցվել: Կոմիտասի պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, Հայ բարերարների ճեմուղու բոլոր հուշարձանների մետաղական հատվածները, Լրագրողի արձանի կեսից ավելին, Երևանի 2800-ամյակի զբոսայգու Նավակով տղան ու Սիրահարների այգում տեղադրված Գևորդ Էմինի սիամական կատվի արձանիկները: Մի քանի քրեական գործ արդեն նախապատրաստվել է, մյուսներն էլ նախաքննության փուլում են:
Շիրակի մարզում այս տարի գարնանացանը սովորականից ուշանում է: Պատճառը ոչ միայն եղանակն է, այլ նաև արտերկրից պատվիրված սերմացուի ներկրման ձգձգումը: Հողագործներն այժմ կանգնած են լուրջ խնդիրների առաջ: Գյուղաբնակների համար արդեն նկատելի է ինչպես դիզվառելիքի, այնպես էլ պարարտանյութի թանկացումը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv