Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020 22:02

Էպիկենտրոն 12.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարության նիստին հաջորդել է ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ պարետը նոր մանրամասներ է ներկայացրել արտակարգ դրության երկարաձգման և առաջիկայում հանվող բազմաթիվ սահմանափակումների վերաբերյալ: Սեփական մեքենայում, ինչպես նաև բնության գրկում դիմակ դնելու պահանջը կվերացվի, գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ է ներկայացրել: ԲՀԿ-ն հայտարարել է, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա և կողմ է քվեարկել ԼՀԿ-ի առաջարկին: Այն, սակայն, ԱԺ մեծամասնության հավանությանը չի արժանացել:

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են արել Ռուսաստան մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիներ: Նրանք երկար տարիներ բնակվում ու աշխատում են Ռուսաստանում, սակայն բողոքում են, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չեն կարողանում վերադառնալ: Ցուցարարների հետ նախ զրուցել է ԱԳ նախարարը, ապա՝ վարչապետի օգնականը: Խնդրին խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է պարետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ այս պահի դրությամբ աշխատանք է տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու հետ կապված: «Այստեղից գնացողների համար մենք արգելք չենք դնում»,- ասել է պարետը:

«Սասնա ծռեր»-ի գործով դատական հերթական նիստին հրապարակվել է դատախազների մեղադրական ճառը: Դրա համաձայն՝ 2016 թ. հուլիսի 2-ին «Սասնա ծռեր»-ի ղեկավար անդամները հայտարարել են, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ներկայացրել է տուժող Դավիթ Գևորգյանի ցուցմունքն այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկան Արթուր Վանոյանը վիրավորվել է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի կրակոցից: Դատախազը միջնորդել է Պավել Մանուկյանին դատապարտել 9, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: «Դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում»,- ՖԲ-ի իր պաշտոնական էջում կատարած հրապարակման մեջ նշել է ԲՀԿ նախագահը՝ մաղթելով երիտասարդներին երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Երեկ և այսօր հատուկ չվերթներով Լիբանանից բազմաթիվ բեյրութահայեր են վերադարձել Հայաստան: Հայրենադարձների մի մասը կորցրել է տունն ու աշխատանքը և պատրաստվում է Հայաստանում հաստատվել մշտապես: «Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ»,- ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտնել է, որ մեր երկրի պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:

Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց արդեն 5-րդ անգամ: Այն ուժի մեջ կլինի ևս մեկ ամիս` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17-ը: Այս անգամ, սակայն, հակահամաճարակային մի շարք սահմանափակումներ վերանայվել են. օտարերկրացիները կկարողանան ժամանել Հայաստան, հավաքների ու գործադուլների արգելքը վերացվել է, ընտանեկան միջոցառումների սահմանափակումները մեղմացվել են: Վարչապետը հույս է հայտնել, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, սակայն ընդգծել է. «Եթե հանկարծ թուլացումների արդյունքում կորոնավիրուսի թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք մտցնել սահմանափակումներ»:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։