Items filtered by date: Երկուշաբթի, 29 Հունիսի 2020
Երկուշաբթի, 29 Հունիսի 2020 22:05

Էպիկենտրոն 29.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ այսօր շրջանառության մեջ են դրվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Շրջանառության մեջ է դրվել նաև Հանրաքվեի մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը: Հովակիմյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտնել է, որ պատգամավորների 1/4-րդի նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել: Նա նաև նշել է, որ նոր փոփոխություններով լուծվելու է Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ արտահերթ նիստին չեն մասնակցելու:

«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտարարություն են տարածել «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները։

«Նույնիսկ սոցիալական ցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում»,- պարետատան նիստից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ թվերը ցույց են տալիս, որ բոլորն առանց բացառության քամահրական վերաբերմունք են ցուցաբերում հակահամաճարակային կանոնների հանդեպ: «Քանի որ այս երևույթը այսպիսի մասշտաբներ է ստացել, մենք բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Հակառակ դեպքում չենք կարողանալու հաղթահարել այս վիճակը »,- ընդգծել է Փաշինյանը: Անդրադառնալով նախօրեին ռեստորաններ և սրճարաններ չայցելելու՝ Արսեն Թորոսյանի կոչին՝ վարչապետն ասել է. «Կառավարության միակ պաշտոնական կոչը կանոնների պահպանումն է»: Փաշինյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ՞ կոչերի փոխարեն ավելի խստացնել վերահսկողությունը:

Ռեստորաններ ու սրճարաններ չայցելելու առողջապահության նախարարի կոչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Արդեն մի քանի ամիս վնասով աշխատող այս ոլորտի համար աշխատանքային ևս մեկ դադարը կարող է պարզապես կործանարար լինել: Վիճակագրության համաձայն՝ այսօր տնտեսության այս ճյուղում գործազրկությունը կազմում է 25 տոկոս: Երևանյան մի շարք սրճարաններում և ռեստորաններում Արսեն Թորոսյանի երեկվա հայտարարությունը համարում են զավեշտ և արձանագրում՝ կառավարական մակարդակով հղվող այսպիսի ուղերձը հանրային սննդի օբյեկտների նկատմամբ ոչ պատասխանատու մոտեցման դրսևորում է:

Հունիսի 27-ից կառավարությունը, նախագահն ու դատավորների ընդհանուր ժողովն իրավունք ունեն առաջադրելու մեկական թեկնածու՝ ՍԴ դատավորների 3 թափուր տեղերի համար: Առաջիկա օրերին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի դատավորների առաջադրման ու ընտրության հարցով: Մինչև այդ սահմանադրական վերջին փոփոխությունների շուրջ քննադատությունները չեն դադարում: Կան պնդումներ, որ փոփոխություններն արվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով՝ ստեղծելով բազում խնդիրներ: Թեմայի վերաբերյալ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների տեսակետներն ամփոփել է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Հայաստանում և Արցախում այսօր հիշում են Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած ազատամարտիկներին: Այս օրը Արցախի հիշատակի օրերի շարքում իր տեղն է գտել 21 տարի առաջ: Ստեփանակերտի հուշահամալիրում այսօր անհետ կորածների հարազատների հետ ծաղիկներ են խոնարհել Արցախի պետական և հոգևոր այրերը, զինվորականները:

Բողոքի ակցիա Արագածոտնի մարզում. Մռավյան գյուղի բնակիչները փակել են համայնք տանող ճանապարհն ու պահանջել վերսկսել ասֆալտապատման աշխատանքները: Ցուցարարները փակ են պահել ճանապարհն այնքան ժամանակ, մինչև խոշորացված համայնքի ղեկավարը չի վստահեցրել, որ աշնանը ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն: Համայնքապետը խոստացել է նաև, եթե պատասխանատու ընկերությունը պատշաճ կերպով չիրականացնի գործընթացը, ինքն իր միջոցներով կասֆալտապատի միջհամայնքային ճանապարհը:

«Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու փոխարեն նոր ճգնաժամ են առաջացրել»,- հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության խնդիրը ոչ թե անկախ ՍԴ ստեղծելն էր, այլ ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից իր գրպան տեղափոխելը: Սուրեն Սուրենյանցը խոսել է նաև ներքաղաքական վերջին զարգացումների, Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացի, ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի և կառավարության հակաճգնաժամային քաղաքականության մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։