«Այն, ինչ արել են Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ». հայտարարել է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ԱԺ-ի մոտ անցկացված հավաքին: Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կարմիր քարտ են ցույց տվել իշխանությանը և վստահեցրել՝ շարունակելու են անհնազանդության գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի հեռացել: Հավաքին ընդառաջ՝ ոստիկանությունն ահռելի ուժեր է կուտակել Բաղրամյան փողոցում, իսկ Դեմիրճյան փողոցն ամբողջ երկայնքով փակ է եղել: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն ԱԺ են գնացել ապակենտրոն քայլերթերով:
Մինչև հազարավոր քաղաքացիներ Բաղրամյան փողոցում պահանջում էին վարչապետի հրաժարականը, Փաշինյանն իր կաբինետի հետ մասնակցում էր պատգամավորների հետ հարց ու պատասխանին: «Խնդրում եմ ուղղակի, հեռացե՛ք»,- Փաշինյանին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանին սպիտակ թուղթ է փոխանցել՝ հրաժարականի դիմում գրելու համար: Վարչապետն ի պատասխան նշել է.«Մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է »: Էդմոն Մարուքյանը թվարկել է Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցանկը և հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ժողովուրդ չեն: Ի պատասխան Արկադի Խաչատրյանի հարցի՝ վարչապետն ասել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Պարգևավճարը առանձին վերցրած որպես շռայլություն դիտարկելը առնվազն չափազանցված մոտեցում է: Այլ հարց է այն, թե կարելի՞ է արդյոք քննարկել առանձին վարձատրությունը, թե՞ ոչ»,- խորհրդարանում Պետբյուջե 2021-ի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարը: Ատոմ Ջանջուղազյանը նաև անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե նվիրաբերված գումարին: Պատերազմից հետո առաջին անգամ նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նիստին: Այն վերսկսվել է Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկմամբ:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ տվեց: Նախագծի ընդդիմախոսների համոզմամբ՝ օրինագիծը վտանգի տակ է դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը: Նախագծում տեղ է գտել նաև վիճահարույց դրույթ՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ: Նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ օրենքը 100 տոկոսով չի ապահովում բուհական ինքնավարությունը, բայց մի քանի քայլով առաջ է նախորդից:
Դեղատներում առողջության համար հատկապես կարևոր նշանակության դեղերի թանկացում է գրանցվել: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի դեղատներում, պարզել՝ թանկացումն անդադարձել է հատկապես սրտանոթային ու ճնշման դեղերի վրա: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնել են, որ այս պահին շուկայի գնային փոփոխություններն ուսումնասիրման փուլում են: Դեղատների աշխատակիցներն էլ թանկացումը կապում են դոլարի ու եվրոյի փոխարժեքի բարձրացման հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv