Items filtered by date: Ուրբաթ, 22 Մարտի 2019
Ուրբաթ, 22 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 22.03.2019

Published in Անցուդարձ

Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում չի հրապարակել այս տարի բանակում մահացած զինծառայողների մահվան մասին եւ ի՞նչ վիճակում են զինծառայողների միջանձնային հարաբերությունները: Պաշտպանության նախարարի տեղակալը խորհրդարանում ներկայացրել է 2018-ի կատարողականը: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերում այս տարի փոփոխություններ չեն լինի, փոխարենը կլուծվի զինթոշակառուների բնակարանային խնդիրը: Իսկ արդյո՞ք կփոխվեն զինվորների ծառայության չափն ու ձեւը. Մանրամասները` տեսանյութում:

Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի չմասնակցելու պատճառով հաջողություն երբևէ չենք գրանցել,- հայտարարել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ Արցախը պետք է լինի բանակցային ձևաչափում: Հարությունյանը Երևանում է, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին դասախոսություն է կարդացել ԵՊՀ  տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար: «Ինչու՞ Հայաստանի մասին, քանի որ կա միասնական տնտեսություն, մեր ապագան պայմանավորված է Հայաստանի տնտեսության զարգացմամբ»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 

Մեր երկիրը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանից Հայաստան մատչելի գներով դեղեր ներմուծելու ուղղությամբ,- տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Այս և ԵԱՏՄ երկրներին վերաբերող հրատապ այլ հարցերն այսօր քննարկվել են ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովում հյուրընկալվել է նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետարքրվել է, թե արդյո՞ք ԵԱՏՄ անդամ երկրները հետաքրքրված են մեր երկրում իրականացվող տնտեսական հեղափոխությամբ: Նիստում նաև դրական եզրակացության են արժանացել « Հեղինակային եւ հարակից իրավունքների՝կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» ու «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված» ժամանակավոր համաձայնագրերը:

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել 23 տարվա համայնքապետ Պարույր Սարգսյանի դեմ: Նրանք շարունակել են պնդել, որ գյուղապետը տիրացել է համայնքային նշանակության մի շարք կառույցների ու տարածքների, գումարներ է դուրս գրել գյուղացիների անուններով ու մեծ մասը վերցրել է իրեն: Համայնքապետը չի ընդունում մեղադրանքները, սպասում է մինչ կառավարությունը բնակիչների նամակի հիման վրա ստուգումներ կանցկացնի համայնքում:

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկել Օպերայի ստորգետնյա կայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու հարցը: 10 տարի ժամկետով այն տրվելու է մասնավորի, որի նպատակն է ներգրավվել ներդրողների ու զարգացնել կայանատեղին: Նիստն անցել է սահուն, բայց թեմայից դուրս ելույթները լեզվակռվի ու վիրավորաքների հարթակ են բերել իշխող ու ընդդիմադիր թևերին: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջ է քաշել գեղասահքի դպրոցի անվանափոխության հարցը, «Իմ քայլում» առարկել են նախագիծն այսօր քննարկել, ինչն էլ սկանդալի պատճառ է դարձել:

«Առաջիկայում սպասվում են նոր, հնչեղ բացահայտումներ»,- այսօր Խորհրդարանում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա մասնակցում էր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքը, անդրադարձ է եղել նաև այսպես կոչված «հայտնի փախստականների»՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի՝ երկրից բացակայությանը: Նիստի ավարտին Վանեցյանը մեկնաբանել է հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ հարցեր՝ սկսած Ալեքսանդր Սարգսյանի գործից, ավարտած Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին հարցով: Արթուր Վանեցյանն ասել է, որ Գլխավոր դատախազը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը ուղարկել է ԱԱԾ և ՀՔԾ: « Եթե լինեն փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը կամ հարուցել նոր քրեական գործ, ապա այդպես կլինի»,- հավաստիացրել է Արթուր Վանեցյանը:

Մոնթե Մելքոնյան 44 հասցեում այսօր տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովման սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվելու է 1100 բնակարան: Շենքերը շահագործման կհանձնվեն 2021թ-ի հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022թ ի մայիսին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիարդ դրամ:

<<Մուլտի գրուպ>> կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում՝ Երևանից 3կմ հեռավորությամբ, կառուցվում է տարածաշրջանում տեսակով եզակի «Աութլեթ մոլլ» առևտրի կենտրոն: Այն բաղկացած է լինելու երեք հատվածից, որոնք կտարբերվեն ներկայացված ապրանքատեսակների ու առաջարկների յուրօրինակությամբ: Հատուկ հայկական կոլորիտով համեմված հատվածն էլ նախատեսված է զբոսաշրջիկների համար:

Բռնցքամարտի Հայկակական ազգային ֆեդերացիան շարունակում է աջակցությունը Հայաստանի մարզադպրոցներին: Մարզերի ավելի քան 30 մարզադպրոցի անհրաժեշտ մարզագույքով ապահովելուց հետո Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ֆեդերացիան սկսել է բռնցքամարտի տարատեսակ մարզագույք հատկացնել նաև մայրաքաղաքի մարզադպրոցներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։