Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստը, որը վերջին անգամ նախագահողի կարգավիճակում վարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով»,- արձանագրել է Փաշինյանը: Այսօրվա նիստը նշանավորվել է նաև նրանով, որ ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրի և տնտեսական գործակցության մասին համաձայնագիրը, բացի այդ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել Սերբիայի հետ:
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Կողմերը քննարկել են հայ-չինական գործակցության հեռանկարները, անդրադարձել առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ ձևավորվեն հայ-չինական համատեղ ընկերություններ, որպեսզի Չինաստանից հնարավոր լինի բարձր որակի տեխնոլոգիաներ ներկրել և Հայաստանում փոքր մոդելի արտադրություններ ձևավորել:
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը տեղում մահացել է, իսկ նրա գործընկերը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և մեկնել Վանաձոր: Մահացած փրկարարը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից էր:
Փակվող 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխայից 130-ն արդեն վերադարձել են ընտանիք: Դիլիջանի, Բյուրեղավանի և Գյումրիի գիշերօթիկներից մեկը լուծարվելու են մինչև դեկտեմբեր, իսկ Գյումրիի մյուս գիշերօթիկը կշարունակի գործել մինչև 2020 թվականի հունիսի 25-ը: Գիշերօթիկների սաների 92 տոկոսն այդ հաստատություններում է հայտնվել աղքատության պատճառով: Դժգոհությունների պատճառ դարձած խնդրին տեղում ծանոթանալու համար «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ: Ի՞նչ քայլեր է իրականացնում կառավարությունը երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով. խնդրին անդրադարձել է Աշխատանքի և սոցիալակալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած հերթական ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները անդրադարձել են վերջին շրջանի ամենաաղմկահարույց իրադարձություններին՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակ, հարուցված քրեական գործեր, ոճրագործ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման դիմում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու գաղտնի որոշում: Լրագրողները պատգամավորներից մասնավորապես հետաքրքրվել են՝ բավարարվա՞ծ են արդյոք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ այն պարզաբանմամբ, որն ԱԺ ամբիոնից հնչեցրել է վարչապետը: Ճեպազրույցների մանրամասները՝ Վաչիկ Գրիգորյանի տեսանյութում:
Արդարադատության նախարարությունը մշակել է 2019-2023 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարական ծրագիր: Մեր երկրում, ըստ միջազգային կառույցների, առավել հաճախ մարդու իրավունքները խախտվում են փակ հաստատություններում, դատական քննությունների ընթացքում՝ խոսքի ազատության իրավունքն իրացնելիս: Մասնագետների կարծիքով՝ այս նախագիծը լուծելու է նշված ոլորտների խնդիրները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv