Ազգային ժողովում տեղի է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Բուռն քննարկում է ծավալվել ընդդիմադիր ուժերի ներկայացրած նախագծերի շուրջ: «Լուսավոր Հայաստան»-ի նախագծերը մերժվել են, դրանցից մեկը վերաբերել է եկամտահարկի հաշվին առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը: Նախագծին կողմ են եղել միայն ԲՀԿ-ականները: Իսկ նրանց ներկայացրած 2 նախագծերը գլխադասային հանձնաժողովը չի մերժել: Սերգեյ Բագրատյանի` մերսման սրահների գործունեությունը կարգավորող նախագիծը հավանության է արժանացել, իսկ երկրորդ նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան օդանավակայանից ուղևորվել է Բաղրամյան 26, որտեղ նրան հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է Փաշինյանի և Գախարիայի հանդիպումը լրատվամիջոցների հետ: «Վրաստանի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն մեզ համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները:Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գեորգի Գախարիան այցելել է Ծիծեռնակաբերդ:
Ինչպե՞ս են «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները մեկնաբանում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը: Լրագրողների հետ զրույցում «իմքայլականները» հայտարարել են՝ հետքայլ չի լինելու, հետագա մարտավարության մասին էլ կխոսեն մոտ ապագայում: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան»-ի համար ՍԴ որոշումը սպասելի էր:Նրանք դեռ քվեարկությունից առաջ էին հայտարարել փաստաթղթի թերի հիմքերի մասին:
Դատարանը հերթական անգամ մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Նկատի ունենալով, որ Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ներկայանալ դատարան և նիստերը հետաձգվում են, դատավոր Մնացական Մարտիրոսյանն առաջարկել է Նազիկ Ամիրյանի գործը անջատել ընդհանուր քրեական գործից և քննել առանձին: Մանվել Գրիգորյանի պաշտպաններն էլ միջնորդել են նիստերն անցկացնել բժշկական կենտրոնում:
Հայաստանի քրդաբնակ համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել մեր երկրում Միացյալ Նահանգերի դեսպանատան մոտ: Նրանք գերտերության ղեկավարից պահանջել են պարտադրել Թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները: «Եթե միջազգային հանրությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա հարյուր տարի անց պատմության կրկնություն չէր լինի»,- հայտարարել են քրդական համայնքի ներկայացուցիչները:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունն այսօր հետաձգվել է: Պատճառն այն է, որ Քոչարյանը նիստին ներկա չի եղել, քանի որ հոկտեմբերի 9-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո հետվիրահատական բուժում է ստանում: Ըստ պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ 1-2 շաբաթ էլ դատական նիստերին չի կարողանա մասնակցել:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը: Այն չի քվեարկվելու, ընդունվելու է ի գիտություն: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018թ-ի առաջին կիսամյակի համեմատ՝ երկրի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv