Վարդաշենի հանրակացարանը փլուզման եզրին է: Երեկ 68Ա հանրակացարանի պատշգամբներից մեկում քարաթափում է եղել, տուժել է հանրակացարանի երկու բնակիչ: Չնայած Սեյսմիկ եզրակացության մեջ նշված է, որ հանրակացարանը 3-րդ կարգի վթարային է, սակայն բնակիչները պնդում են՝ շենքը 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Բնակիչները քաղաքային իշխանությունից և կառավարությունից պահանջում են օր առաջ վերաբնակեցնել իրենց: Դեպքի մասին տեղեկանալուն պես հերթական անգամ Վարդաշենի հանրակացարան են այցելել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ներսիսյանն ու Մարկոս Հարությունյանը:
Այսօրվանից մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավը: Չնայած պաշտոնական մեկնարկին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը դեռ չի սկսել: «Այո»-ի շտաբում, որը ղեկավարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, դեռևս տեխնիկական աշխատանքներ են ընթանում: Խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորել: Ե՛վ «Բարգավաճ Հայաստան»-ը, և՛ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին: Ե՞րբ կակտիվանա Հայաստանի իշխող քաղաքական ուժը, և ի՞նչ կլինի, եթե «Ոչ»-ի շտաբ չձևավորվի: Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դեմ առ դեմ բանավեճից հետևություններ են արել նաև հայկական 2-րդ հանրապետությունում: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենում կրկին դիմել է պատմական փաստերը խեղաթյուրելու տարբերակին, ինչը Ալիևին հերթական անգամ դնում է ոչ նախանձելի վիճակի մեջ : Ստեփանակերտում վստահ են՝ ռազմական շանտաժը չի կարող Բաքվի հաղթաթուղթը լինել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ Փաշինյան-Ալիև աննախադեպ ֆորմատով քննարկումը երաշխավորում է, որ իրավիճակը սահմանին չի սրվի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հորդորել է Արցախի հարցը չդարձնել ներքաղաքական շահարկումների առարկա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ անդրադարձել է հակամարտությունը միջազգային դատարանում լուծելու հնարավորությանը: Խորհրդարանական ուժերի տեսակետներն ամփոփել է Վաչիկ Գրիգորյանը:
Արդարադատության համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ նորություն ունեն Քրեակատարողական ծառայության աշխատակիցները: Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ փոխվել է ծառայության աշխատակիցների համազգեստը: «Էպիկենտրոն»-ին Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը պատմել է, որ նոր համազգեստն ավելի հարմար է ու մի քանի կարևոր դետալներ է պարունակում: Պարզվում է՝ համակարգի ոչ բոլոր աշխատակիցներն են այս համազգեստը կրում: Թե ինչու՝ գիտի Աիդա Կարապետյանը:
Բնական աղետների հետևանքով կրած վնասի ֆինանսական պատասխանատվությունը գյուղացիներն այլևս իրենք կկրեն, եթե չօգտվեն գյուղատնտեսության ապահովագրության ծրագրից: Մեր երկրում ծրագիրն առաջին անգամ է իրականացվում և պետական մակարդակով: Պիլոտային ծրագրի 50 տոկոսն այս տարի ֆինանսավորելու է կառավարությունը: Ապահովագրության համար արդեն դիմել է 200 հողօգտագործող:
Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմից ժամանել է Հայաստան: Մեր չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ինչպես մարզաշխարհի ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ երկրպագուներ: Ռիոյի օլիմպիական չեմպիոնը նշել է, որ նման վերաբերմունքն իրեն էլ ավելի է մոտիվացնում, և նա ձգտելու է նաև Տոկիոյի օլիմպիական ոսկուն:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հերթական սոցիալական խոշոր ծրագիրն է իրականացրել: Արմավիր քաղաքի ու հարակից համայնքների ավելի քան 300 սոցիալապես անապահով ընտանիքներ առաջին անհրաժեշտության պարենային մթերքներով լի փաթեթներ են ստացել: Նկատի ունենալով ԲՀԿ Արմավիրի տարածաշրջանային կանանց խորհուրդ դիմած բնակիչների աննախադեպ մեծ թիվն ու սոցիալական ծանր վիճակը՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է օգնություն տրամադրելիս առաջնահերթություն տալ առավել խոցելի խմբերին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv