Items filtered by date: Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 23.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր կյանքին հրաժեշտ է տվել հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը: «Արարատ 73»-ի լեգենդար 6 համարը 73 տարեկան էր: 2019 թվականից նա աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցրել է զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, այնուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր: Անդրեասյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել գերմանական Բավարիային:

«Էրեբունի» ԲԿ-ում ամերիկացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ կատարվել է նորարարական վիրահատություն: Ռոբերտ Անտոնյանը Արցախում հրազենային վիրավորում էր ստացել, որի հետևանքով վնասվել էր դիմային նյարդը: Անհրաժեշտ էր սեղմ ժամկետում վիրահատություն կատարել, այլապես դիմային նյարդը վերականգնելն անհնար կդառնար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն չէր կատարվել: Վիրահատության ընթացքում անջատվել է ենթալեզվային նյարդը, ապա՝ դիմային նյարդը, որոնք այնուհետև միացվել են իրար:

Հայրենիքի փրկության շարժումը հերթական հանրահավաքն է արել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունը պնդում է՝ Փաշինյանի վարչախմբի կառավարման յուրաքանչյուր օրը նոր սպառնալիքներ է բերում Հայաստանին: «Մանրախնդիր մարդիկ չեն կարող լինել պետության ղեկավարման մեջ»,- հայտարարել է Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հանրահավաքի ավարտին հայտարարվել է, որ նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվելու է նաև այս գիշեր: Վաղը՝ առավոտյան 10-ից, շրջափակվելու են կառավարության շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը զրկվի՝ իբրև վարչապետ գործադիրի նիստ անելու հնարավորությունից:

Անհետ կորած զինծառայողների ծնողները չեն դադարում հավաքները ՊՆ դիմաց՝ հույսով, որ իրենց զավակների մասին որևէ տեղեկություն կստանան: Քաղաքացիներից ոմանք պատմել են, որ դեռևս հոկտեմբերի 14-ին իրենց որդիների մեքենան ռմբակոծելուց հետո զորամասի շարային մասի պետը տղաներից մեկի մարմինը թողել-փախել է: Ծնողները մի քանի անձանց անուններ են հնչեցրել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել զինվորական դատախազությանը և հանդիպում պահանջել պաշտպանության նախարարի հետ:

«Ադրբեջանում կան շատ հայ գերիներ, որոնց հակառակորդը թաքցնում է»,- այս մասին հայտարարել է Արտակ Բեգլարյանը, ով պատրաստվում է լքել Արցախի ՄԻՊ-ի պաշտոնը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով: Բեգլարյանի խոսքով՝ պատերազմի պատճառով Արցախի տնտեսությունը 2 մլրդ դոլարի վնաս է կրել: Օմբուդսմենն այսօր ամփոփել է իր գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բազմաթիվ քաղաքացիներ գիշերել են Հանրապետության հրապարակում: Հերթափոխով գիշերը հրապարակում են անցկացրել նաև Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ քաղաքական գործիչներն ու ընդդիմադիր պատգամավորները: Վրաններում և փայտի վառարանների շուրջ գիշերած քաղաքացիները նշել են, որ ցուրտ եղանակն ու տեղացող առատ ձյունը խոչընդոտ չեն իրենց պահանջից հետ կանգնելու համար: «Մենք վճռական ենք տրամադրված և մնալու ենք այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա»,- ասել են համապետական գործադուլ-դասադուլին միացած քաղաքացիները:

Աշխարհի գավաթի խաղարկությունում մեր տղաները տպավորիչ ելույթ էին ունեցել՝ Հայաստան բերելով մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:Պատվո հարթակի ամենավերին աստիճանին էր կանգնել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը գրավել էին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Հայրենիքի պատիվը բարձր պահած մարզիկների հետ հանդիպել է «էպիկենտրոն»-ի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։